ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Հայաստանում այնքան մարդ կա, որ իր «սեփական խաղն» է խաղում»

«Հայաստանում այնքան մարդ կա, որ իր «սեփական խաղն» է խաղում»
06.02.2015 | 00:16

«Ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա: Ռեժիմի դեմ բոլոր պայքարել ցանկացողները դա կարող են անել և պետք է անեն ՀՀ տարածքում: ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ: Սա անբարոյականություն է»,- ԱԺ այս քառօրյայի ընթացքում անդրադառնալով Բերձորի դեպքերին՝ հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ, ում այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք:

-Այդ հայտարարությունից հետո որոշ մարդկանց լուտանքները Ձեզ չե՞ն մտահոգում:
-Երբ քաղաքական գործիչը որևէ խնդրի վերաբերյալ ունի կարծիք, որում վստահ է, չպետք է զլանա դա արտահայտել: Նույնիսկ, եթե հակառակ տեսակետ ունեցողները կարող են շատ անհանդուրժող լինել: Ես կրկնում եմ իմ թեզը. Ապրիլի 24-ը հայ ժողովրդի միասնության խորհուրդն ունի: Այս երևույթն իր էությամբ համեմատելի չէ ՀՀ-ի ներսում գոյություն ունեցող անգամ ամենասուր խնդրի հետ` լինի ռեժիմից ազատում, օրհասական վիճակ և այլն: Ձևակերպեք, գտեք ուրիշ կարգախոսներ, ամենաարմատական դիրքերից պայքարեք ռեժիմի տապալման համար, դիմեք անգամ ամենաանընդունելի միջոցներին, բայց ապրիլքսանչորսյան խորհուրդը մի հանգեցրեք ներքաղաքական խնդիրներին: Սա դասագրքային ճշմարտություն է և հասուն մարդկանց անգամ պետք էլ չէ բացատրել:
-Հասարակական-քաղաքական որոշ շրջանակներ անգամ Գյումրիի և այս դեպքերի միջև ձեռագրի նմանություն տեսան: Սա ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Ես Նոստրադամուսը չեմ ու չեմ կարող գուշակություններով զբաղվել և ասել՝ կապ կա՞ այդ երկու դեպքերի միջև, թե՞ ոչ:
-Դուք ՀՀԿ խմբակցությունում առանձնանում եք տեսակետների տարբերությամբ: Ձեր «ըմբոստությունը» խմբակցությունում վատ չի՞ ընդունվում:
-Բացարձակ: Ես չգիտեմ` ով պետք է վատ զգա: Տարբեր հարցերի վերաբերյալ ես ունեմ իմ կարծիքը, որը հնչեցնում եմ խմբակցության նիստերին և ԱԺ դահլիճում: Ամեն մեկս առանձին մարդ է, և չենք կարող բոլոր հարցերի վերաբերյալ ընդհանուր կարծիք ունենալ: Որևէ դեպքի համար ես չեմ «արժանացել» քննադատության, ինչպես մամուլում որոշ լուրեր են շրջանառվում: Չեմ էլ պատրաստվում իմ մեջ պահելու տեսակետներս, եթե դրա կարիքը կա` անպայման բարձրաձայնելու եմ:
-Ասում են, Դուք խմբակցությունում Ձեր «սեփական խաղն եք խաղում»:
-Հայաստանում այնքա՜ն մարդ կա, որ իր «սեփական խաղն» է խաղում, ու դրանց թիվը մեկով ավելացնելու կարիք չկա:
-Երիտասարդ քաղաքական գործիչների առումով ժողովրդի շրջանում ընդունված արտահայտություն կա, թե այդ քայլերով շատ հեռուն կգնա: Ո՞րն է Ձեր ցանկալի «վերջնակետը»:
-Իհարկե, ես հասկանում եմ՝ Հայաստանում քաղաքական տիրապետող մշակույթն ինչպիսին է, ու ցավում եմ այդ որակների համար: Ակնհայտ է, որ այս առումով մենք գահավիժում ենք: Ես երբեք իմ առջև որևէ քաղաքական ամբիցիա չեմ դրել: Շատ լավ եմ զգացել բոլոր այն աշխատավայրերում, որտեղ աշխատել եմ: Այսօր էլ այստեղ ինձ վատ չեմ զգում, վաղը` տանն էլ, համալսարանում էլ, եթե դասավանդեմ: Ամենակարևորը. իմ մտավոր կարողությունների վրա վստահ եմ այնքանով, որ ցանկացած իրավիճակում կարող եմ աշխատաշուկայում մրցունակ աշխատանք ունենալ: Կլինի մասնավոր հատվածում, միջազգային կազմակերպություններում, քաղաքականությունում:
-Չկա մի զինվոր, որ հրամանատար չուզենա դառնալ, քաղաքական ո՞ր «հրամանատարությանն» եք ձգտում:
-Քաղաքականության մեջ ցանկանում եմ նախ որակները բարելավվեն, որ լինի մտքերի պայքար, հանդուրժողականություն:
-Այսօր Ձեր նշածներից ոչ մեկը չկա՞:
-Ոչ: Քաղաքականությունը պիտի լինի մտքերի, գաղափարների պայքարի դաշտ, ոչ թե արհեստական հակադրության, թիմերի պայքարի, ջրբաժանների: Մեր անկախության այս տարիներին մեր քաղաքական մշակույթը սխալ ճանապարհով է գնում: Քաջություն չունենք հավաքվելու և ասելու, թե եկեք ճիշտ ճանապարհով առաջնորդվենք: Քաղաքական հակառակորդը մեր թշնամին չէ, եկեք գնահատենք քաղաքական հակառակորդի միտքը: Սա վերաբերում է և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը:
-Հանդուրժողականության պակասն ո՞ւմ մոտ է շատ:
-Ե՛վ իշխանությունում, և՛ ընդդիմությունում: Իշխանությունում կան մարդիկ, որ, ընդդիմությունից ով ինչ ուզում է ասի, իրենց թվում է, թե վատ ու սխալ են ասում: Սա ավելի սուր է ընդգծված ընդդիմության մեջ իշխանության ներկայացուցիչների հանդեպ:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ